Մենք հստակ ենք Ալիևի հետ. ժամանակն է խաղաղության՝ սա է մեր ուղերձը. Օ՛Բրայեն


Մենք հստակ ենք Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ. ժամանակն է խաղաղության: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջան նախատեսվող այցին։


Նրա խոսքով, սակայն, խաղաղության հասնելը միայն Ադրբեջանի գործը չէ, այլև տարածաշրջանի և ամբողջությամբ Կենտրոնական Ասիայի:


«Այս բոլոր երկրները համաշխարհային շուկա են արտահանում կամ Ռուսաստանի, կամ Չինաստանի միջոցով։ Նրանք պետք է աշխատեն Ադրբեջանի հետ որպես այլընտրանք։ Մի երթուղին անցնում է Վրաստանով և Սև ծովով, իսկ մյուսը, պոտենցիալ ավելի խոշոր երթուղին, անցնում է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով։ Այս առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ վերջ դնելու պատերազմին և 1990 թվականից ի վեր գոյություն ունեցող այս ահավոր հակամարտությանը։ Սա է մեր ուղերձը՝ ժամանակն է խաղաղության»։